Վեցերորդ տուրի վերլուծություն |
Monday, 23 July 2012 |
Ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 6-րդ տուրը: Միանգամից ասենք, որ այսօր մենք չնկատեցինք չափազանց լարված պայքար, և տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը շարունակեց գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:
Կոներու-Կովալևսկայա պարտիայում սկզբնախաղից հետո սպիտակներին հաջողվեց ստանալ փոքր-ինչ հաջելի դրություն, հետագայում նրանք կարողացան նաև շահել զինվոր:
17…Ձe7 18.d5 Նad8 19.Թa4 Փd7 20.Թc4 Ձg6 21.Նf2 f4
Սակայն մամլո ասուլիսի ժամանակ Կովալևսկայան ասաց, որ սկզբնախաղում գոհ էր իր դիրքից և զինվորի այդ կորուստը համահունչ էր դիրքի սկզբունքներին: Նա նշեց նաև, որ իր կողմից վճռական սխալը եղավ 30-րդ քայլի ժամանակ, իսկ մինչ այդ դրությունը խաղային էր, երկկողմանի հնարավորություններով: Իսկապես այդ պահը եղավ վճռորոշ:
30...h6? (վստահորեն կարելի է ասել, որ անկախ ամեն ինչից դրությունը միանշանակ սպիտակների օգտին է, սակայն գոնե պետք էր խուսափել թագուհիների փոխանակումից, օրինակ խաղալ 30...Թa5 փորձելով նաև պահպանել որոշակի լարվածություն) 31.Նf5! Թh4 32. Թh4 Ձh4 33.Նd5 և մի քանի քայլ հետո սպիտակները հաղթեցին:
Իհարկե մենք բոլորս շատ ենք ցանկանում տեսնել իսկական Նինո Խուրցիձեի խաղը, շախմատիստուհու, ով շատ հաճախ դառնում է փայլուն պարտիաների հեղինակ: Սակայն, ցավոք, այս մրցաշարում վրացի շախմատիստուհուն ոչ մի կերպ չի հաջողվում գտնել իր խաղը:
Նինո Խուրցիձե-Ռուան Լուֆեյ պարտիայում սկզբնախաղից հետո խաղատախտակի վրա տիրում էր կարարյալ հավասարություն, այնուհետև Նինոն սկսեց գործել բավականին անվստահ:
17.Աe2?! (իհարկե պետք էր խաղալ 17.h4 կանխել մրցակցի g5 քայլը):
Որոշ քայլերից հետո վրացի շախմատիստուհին թույլ տվեց ևս մեկ սխալ, որն այս անգամ դարձավ վճռորոշ:
31.c5? (այս քայլից հետո սևերի խաղն անչափ հեշտացավ, պետք էր պարզապես սպասել և խաղալ 31.Նhh1) հետագայում սևերն ավելի ու ավելի ուժեղացրեցին ճնշունը և ի վերջո կարողացան խաղն ավարտել իրենց օգտին:
Էլինա Դանիելյան-Հոու Յիֆան պարտիայում սկզբնախաղից հետո սպիտակներն ունեին մի փոքրիկ հաճելի դրություն: Սակայն հետագայում դրությունն ամբողջովին հավասարվեց և որոշ փոխանակումներից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի: Ասուլիսի ընթացքում ինչպես նշեց հենց ինքը՝ Էլինան, չմոռանալով երեկվա պարտիայի հետ կապված տհաճ հիշողությունները, երբ ինքը 2 անգամ չէր նկատել հաղթանակի տանող ուղիները` այսօր նա փորձել է խաղալ հնարավորինս պարզ, հասարակ, առանց ավելորդ գլխացավանքների:
23.Նg1 Նg6 24.Աf2 Փe4 25.Նg6 Փg6 26.b4 և մի քանի քայլ հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Հետաքրքիր ավարտ ունեցավ Ձյու Վենջյուն – Նադեժդա Կոսինցևա պարտիան: Սկզբնախաղից հետո դրությունը հավասար էր: Այնուհետև կողմերը կատարեցին ևս մի քանի քայլ և դիրքի եռակի կրկնությունից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի: Քայլերի այդպիսի նույնանման հերթականությամբ ոչ-ոքի էր ավարտվել նաև 2010թ.-ին Աստրախանում անցկացված ՖԻԴԵ-ի տղամարդկանց Գրան-Պրի մրցաշարի Վանգ Յու – Լեկո պարտիան: Սակայն ինչպես պարզվեց մամլո ասուլիսի ժամանակ, այդ ամենի մասին տեղյակ էր միայն Կոսինցևան, իսկ չինուհին խաղում էր ինտուիտիվ:
14…Ձf6 15.Թf4 Թc5 16.Թd4 Թg5 17.Թf4 Թc5 18.Թd4 Թg5 19.Թf4 1/2-1/2
Մկրտչյան-Լահնո պարտիայում մտերիմ ընկերուհիները չցանկացան միմյանց նեղացնել և արդյունքում ստացվեց կարճատև, բայց գեղեցիկ ոչ-ոքի:
1.d4 d5 2.c4 dc 3.e4 Ձf6 4.e5 Ձd5 5.Փc4 Ձb6 6.Փb3 Ձc6 7.Ձf3 Փg4 8.Ձg5 Փd1 9.Փf7 Աd7 10.Փe6 Աe8 11.Փf7 1/2-1/2
Բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ Ջաո Սյուե-Մոնղոնթուլ Բաթույագ պարտիան: Սկզբնախաղից հետո դրությունը գրեթե հավասար էր. մի փոքր ավելի հեշտ էր սպիտակները խաղը: Սակայն սևերն էլ իրենց հերթին խաղում էին բավականին ճիշտ, չգործելով առանձնապես ոչ մի սխալ: Նույնիսկ մի պահ արդեն իրենք մրածեցին խաղը սրելու ու նախաձեռնությունը խլելու մասին և զոհաբերեցից որակ, իսկ այստեղ էլ արդեն շատ ճիշտ կողմնորոշվեցին սպիտակները`
37...Նb5 38.Ձb5 Նc6 39.Նa5 Փa5 40.Նa5 =
ետ վերադարձրեցին այդ որակը, հավասարեցրեցին դրությունը, ինչի հետևանքով էլ համառ և անզիջում պայքարի արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի:
|